Հայկական լեռնշխարհ

Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, ֆիզիկաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Երբեմն Հայկական լեռնաշխարհ և Հայկական բարձրավանդակ հասկացությունները նույնացնում են, սակայն աշխարհագրության հայ մասնագետները հաճախ հստակորեն սահմանազատում են դրանք։ Մասնավորապես, Հայկական լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական առանձին ռեգիոն է, որն իր մեջ ընդգրկում է մի շարք մասեր, այդ թվում Հայկական բարձրավանդակը, որը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը։

Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1500-1800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 — 4 000 մետր բացարձակ բարձրություն։ Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»՝ գերմաներեն՝ ՙԲերգինզելն՚: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), չորրորդը՝ Արագածը (Հայաստան, 4 090 մ), հինգերորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 058 մ)։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started